ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների խմբում են: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Առաջին երեք տուրերում նրանք երեքական հաղթանակ են տարել։ Շանթ Սարգսյանը հաղթել է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Անտոն Զլատկովին, Ադրբեջանը ներկայացնող Վուգար Մանաֆովին և Վրաստանը ներկայացնող Նիկոլոզի Կաչարավային:
Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Թուրքիան ներկայացնող շախմատիստներ Ույգար Դուրուչային և Ըրայ Քըլըչին և Հայաստանը ներկացնող Ռոբերտ Փիլիպոսյանին:
2,5-ական միավոր ունեն հայ գրոսմայստերներ Էմին Օհանյանն ու Հայկ Մարտիրոսյանը:
Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Լեհաստանի Կատովիցե քաղաքում ապրիլի 7-19-ը: Մրցաշարին մասնակցում են 43 երկրների 502 շախմատիստներ, որոնցից 15–ը Հայաստանից են։