ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Ղազախստանը Հայաստանի իրավասու մարմիններին է հանձնել հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, դրա կազմում 19 միլիոն դրամ hամակարգչային հափշտակություն կատարելու և փողերի լվացման համար մեղադրվող անձին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել հետախուզվող անձ Ա.Զ.-ին հանձնելու վերաբերյալ, որը Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է։
Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Զ.-ի տեղափոխումը Երևան:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը մարտի 31-ին հայտնել էր, որ մարտի 27-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքից Հայաստան է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի, 41-ամյա մի տղամարդ, որը 2023 թ․ հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր համակարգչային հափշտակության, փողերի լվացման և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։