ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Անհայտ անձինք ինքնաձիգ զենքից կրակ են բացել զբոսայգում հանգստացողների վրա Աֆղանստանի Հերաթ նահանգի Ինջիլ գավառում: Առնվազն 7 մարդ զոհվել է, ևս ավելի քան 10-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում են աֆղանական լրատվամիջոցներն ու ՆԳՆ-ն:
«Անհայտ զինված անձինք խաղաղ բնակիչների են գնդակահարել Հերաթ նահանգի Ինջիլ գավառի Դահմիրի գյուղում: Հարձակման հետևանքով տասնյակ մարդիկ զոհվել և վիրավորվել են»,-հայտնում է «Սեդա-ե Աֆղան» Telegram-ալիքը:
«Ականատեսը լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել է, որ զինված անձինք նախ հանգստացողների ամբոխից առանձնացրել են տղամարդկանց և գնդակահարել են նրանց կանանց ու երեխաների աչքի առաջ: Կանայք, որոնք փորձել են փախչել տեղի ունեցածը տեսնելուց հետո, նույնպես գնդակահարվել են: Զոհերի թվում կան երեխաներ՝ ինչպես սպանվածներ, այնպես էլ վիրավորներ»,-հայտնում է ալիքը:
Ինջիլի բնակիչները պնդում են, որ սպանված և վիրավորված մարդիկ ուխտագնացություն էին կատարում դեպի շիական «Սեյեդ Մոհամմադ Աղա» սրբատեղի և հանգստանում էին տեղի զբոսայգում:
Աֆղանստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է տեղի ունեցածը: Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ և մամուլի քարտուղար Աբդուլ Մաթին Քանիի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր կեսօրից հետո, Աֆղանստանի արևմուտքում: