ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Պարսից ծոցում կարգավորման հնարավորություն են բացում։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Այսօր հնարավորություն է բացվում կարգավորելու Պարսից ծոցի գոտում ստեղծված բարդ իրավիճակը: Աշխարհի երկրների մեծ մասը սատարում են այս գործընթացին և հույս ունեն, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, որոնք պետք է մեկնարկեն Իսլամաբադում՝ մեր պակիստանցի ընկերների միջնորդությամբ, հաջողությամբ կպսակվեն», - ասված է հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն ցավով ընդգծում է, որ կան ուժեր, որոնք արգելակում են շարժումը դեպի խաղաղություն՝ կամա թե ակամա խոչընդոտներ ստեղծելով այդ ճանապարհին:
Խոսքն այն ուժերի մասին է, որոնք ագրեսիա են սանձազերծել Իրանի դեմ, իսկ հիմա նրան մեղադրում են Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրների համար:
Ընդգծվում է, որ նրանք չպետք է քողարկեն այն, թե իրականում ինչպես են զարգացել իրադարձությունները, և այն փաստը, որ մինչև փետրվարի 28-ը այս կարևոր ջրային զարկերակը գործում էր անխափան:
Ներկա փուլում առանցքային խնդիրը տարածաշրջանում կործանարար հակամարտության հիմնապատճառների վերացումն է, այսինքն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի սկսած պատերազմի լիակատար դադարեցումը:
«Դրա հետևանքն են դարձել, ի թիվս այլոց, Արաբական թերակղզու պետությունների կրած վնասները, ինչպես նաև մարտական գործողությունները լիբանանա-իսրայելական սահմանամերձ գոտում և հրթիռառումբային հարվածները Լիբանանին, որոնք անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել»,-նշվում է հայտարարության մեջ:
Ռուսական կողմը հանդես է գալիս տարածաշրջանի երկրների միջև առկա տարաձայնությունները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու օգտին:
Մոսկվան տրամադրված է գործընկերների հետ սերտ փոխգործակցության՝ նպատակ ունենալով աջակցել կառուցողական խաղաղ ջանքերին և ապահովել Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացումը:
Բացի այդ, ՌԴ-ն Պակիստանում ազդարարված բանակցությունների բոլոր մասնակիցներին կոչ է անում պատասխանատու մոտեցում ցուցաբերել և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է վնասել ստեղծված հնարավորությանը։
«Վերահաստատում ենք Պարսից ծոցի գոտում անվտանգության հայեցակարգի համաձայնեցման վերաբերյալ ռուսական հայտնի նախաձեռնության արդիականությունը բոլոր մերձափնյա երկրների՝ արաբական պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև երկխոսության հաստատման միջոցով, արտաքին դերակատարների մասնակցությամբ և օգնությամբ, որոնք ունակ են անկեղծորեն նպաստել շահերի արդար և կայուն հավասարակշռության ձեռքբերմանը»,-նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան)։