ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդման համար կարևոր քայլ կլինի Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակումը։ Այս մասին այսօր Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց՝ երկու երկրների միջև հաստատված խաղաղությունը հետագա ինստիտուցիոնալացման կարիք ունի։ Թեպետ այն կա, և մենք դրա պտուղները վայելում ենք, մասնավորաբար՝ բեռների տարանցումը, երկկողմ առևտուրը, բայց նաև այս խաղաղությունը հոգատարության ու խնամքի կարիք ունի։
«Ցավոք սրտի, բոլոր հարցերը չէ, որ լուծված են։ Բաքվում դեռ կան գերիներ, պահվող անձինք, և մեր դիրքորոշումը նույնն է՝ այս մարդիկ պետք է օր առաջ ազատ արձակվեն։ Մենք վստահ ենք, որ նրանց ազատ արձակումը միայն կգա ամրապնդելու հաստատված խաղաղությունը»,- ասաց Միրզոյանը։
Նա նշեց, որ շարունակվում է երկխոսությունն Ադրբեջանի հետ այս թեմայով, և սա օրակարգի առաջնային հարցն է։ Միրզոյանը հավելեց, որ այս հարցով Հայաստանը խոսում է նաև միջազգային գործընկերների հետ։
Էստոնիայի նախարար Մարգուս Ցահքնան հավելեց, որ խաղաղության հաստատումը հսկայական պատմական քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, իսկ բոլոր հարցերը հնարավոր չէ մեկ օրում լուծել։
«Այս խաղաղության ընթացքն իրական է ու ընթացիկ է, սա հայ ժողովրդի համար ապագան է կերտում։ Այստեղ խաղաղությունը նախապայման է հաջորդիվ բոլոր քայլերի համար՝ բարգավաճման, տնտեսական զարգացման, հիմնաքարային ազատությունների»,- ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։