ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Բելգորոդի մարզի Շեբեկինոյի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 7 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Բելգորոդ-Շեբեկինո ավտոճանապարհի մի հատվածում դրոնի հարվածից միանգամից 6 մարդ է վիրավորվել՝ 2 կին և «Օրլան» ստորաբաժանման 4 մարտիկ: Կանայք ստացել են ականապայթյունային և բեկորային վնասվածքներ, մարտիկները՝ բարոտրավմա»,- տելեգրամյան ալիքում գրել է Գլադկովը։
Եվս մեկ FPV-դրոն հարվածել է Շեբեկինո քաղաքի ձեռնարկության տարածքում գտնվող վարչական շենքին, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 1 տղամարդ։
«Հարձակման հետևանքով շենքում կրակ է բռնկվել. հրշեջ հաշվարկով հրդեհը օպերատիվ կերպով վերացվել է։ Վնասվել է նաև մարդատար ավտոմեքենա», – մանրամասնել է մարզպետը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։