Ստամբուլում Իսրայելի հյուպատոսարանի վրա հարձակման գործով 14 մարդ է ձերբակալվել

Նախաքննությունը շարունակվում է, իրավապահները ստուգում են կասկածյալների հնարավոր կապերն ու հարձակման դրդապատճառները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակման գործով արդեն 14 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ձերբակալություններն իրականացվել են շարունակվող օպերատիվ միջոցառումների շրջանակներում, որոնք ուղղված են հարձակման բոլոր մասնակիցների բացահայտմանը:
Նախաքննությունը շարունակվում է: Իրավապահ մարմինները ստուգում են կասկածյալների հնարավոր կապերն ու հարձակման դրդապատճառները։
Հիշեցնենք` ապրիլի 7-ին զինված հարձակում էր տեղի ունեցել Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա։ Հարձակվողներից մեկը սպանվել է, երկուսը` վիրավորվել։ Տուժել են նաև ոստիկանության երկու աշխատակիցներ։