ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի խմբավորումների հրետանին խոցել են Ուկրաինայի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար, խոցվել են նաև զինամթերքի պահեստներ, ինչպես նաև 153 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։