Քաղաքապետարանը «Քանաքեռ–Զեյթուն» ծննդատան աշխատակիցներին աշխատավարձ պարտք չէ. Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը վստահեցնում է` դատարանը հավատարմագրային կառավարիչին պարտավորեցրել է վճարել աշխատավարձերը։ Գործընթացը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դաշտում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների նկատմամբ ֆինանսական որևէ պարտավորություն չունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։
Այսօր մամուլը գրել էր, որ «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ-ի փակվելուց շուրջ 2 տարի անց բժշկական հիմնարկի աշխատակազմը չի ստացել աշխատավարձերը։ Նշվում էր, որ քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք աշխատողներին: Աշխատակիցներից մեկը լրատվամիջոցին հայտնել էր, թե քաղաքապետարանից օրեր առաջ խոստացել են իրենց վճարել, բայց այնքան են խաբել, որ այլևս չեն հավատում և պատրաստվում են առաջիկայում բողոքի ակցիա անել կառավարության շենքի մոտ։
«Երբևիցե «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ–ի որևէ աշխատողի չենք ասել, որ իրենք քաղաքապետարանից աշխատավարձ կստանան, որովհետև Երևանի քաղաքապետարանը ծննդատան աշխատակիցների նկատմամբ ֆինանսական որևէ պարտավորություն չունի։ Վերջին պարտավորությունն առաջացել էր 2025 թվականի մայիսի 1–ից, երբ ծննդատունն անցել էր հավատարմագրային կառավարումից մեզ։ Դեկտեմբերին աշխատակիցներին վճարել ենք այդ ժամանակահատվածի աշխատավարձը և վերջնահաշվարկը։ Աշխատակիցների չստացած աշխատավարձերը վճարելու պարտավորություն ունի հավատարմագրային կառավարիչը։ Աշխատակիցները դիմել են դատարան, դատարանը բավարարել է նրանց հայցերը, և այժմ խնդիրը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դաշտում է»,–ասաց Կարապետյանը։
Նա ընդգծեց` Հայաստանը իրավական երկիր է, ուստի վստահ է` մարդիկ իրենց աշխատավարձերը կստանան։ Խոսքը ոչ միայն 3 կամ 6 ամսվա աշխատավարձի մասին է, այլև կան մարդիկ, որ 11 ամիս գումար չեն ստացել։
Հարցին, թե արդյոք հնարավորություն կա, որ ծննդատունը վերաբացվի, քանի որ 2 տարի առաջ քաղաքապետարանը նման ծրագրեր ուներ, Կարապետյանը նշեց, որ այս պահին դա հնարավոր չէ։ Նրա խոսքով` փակված ծննդատունը չէր համապատասխանել առողջապահության նախարարության համապատասխան ստանդարտներին, իսկ այնտեղ ծննդօգնություն իրականացնելը վտանգավոր էր և՛ ծննդկանի, և՛ երեխայի համար։
«Մենք քննարկել ենք միջազգային դոնորի միջոցով ծննդատունը վերաբացելու հնարավորությունները մեր արտասահմանյան գործընկերների հետ։ Դեռևս ոչ մի նորություն չունենք։ Մենք ուզում էինք, որ ծննդատունը դառնար կանանց առողջության կենտրոն, որտեղ կիրականացվեր ոչ միայն ծննդօգնություն, այլև սքրինինգային տարբեր ծրագրեր, արտամարմնային բեղմնավորում, գինեկոլոգիական պաթոլոգիաների բուժում։ Բայց այս պահի դրությամբ մենք դեռ չունենք հստակ առաջարկ, ուստի ծննդատունը վերաբացելու մասին դեռ խոսք չկա»,–ասաց նա։
Հիշեցնենք` «Քանաքեռ–Զեյթուն» ծննդատունը 2020 թվականին Երևանի ավագանու որոշմամբ հավատարմագրային կառավարման է տրվել «ԴԵ ՎԻ ՍԱՆ» ՍՊԸ-ին` 5 տարում 200 մլն դրամ ներդրում անելու պայմանով։ Հավատարմագրային կառավարումը ստանձնած կազմակերպությունը 2020 թվականից մինչև 2022 թվական որևէ ներդրում չի կատարել։ 2022 թվականի մայիսին Երևանի քաղաքապետարանը կազմակերպությանը գրությամբ առաջարկել է 2 ամսվա ընթացքում կատարել պայմանագրային պարտավորությունները, այն է` կատարել 2 տարվա համար նախատեսված ներդրումները, ինչը չի արվել։ 2022 թվականի սեպտեմբերին, Երևանի քաղաքապետի որոշմամբ, պայմանագիրը միակողմանիորեն խզվել է։ Դատարանը խզման գործընթացի հետ կապված վերջնական որոշում է կայացրել 2024 թ. ապրիլի 29-ին:
Ծննդատան վերահսկողությունը 2024 թ. մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, իսկ հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է բուժհաստատության գործունեությունը: