ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Հայաստանի բանակը երբևէ այսքան լավ վիճակում չի եղել։
«ՀՀ բանակում և՛ սննդի, և՛ հագուստի, և՛ սպառազինության, և՛ բարոյահոգեբանական վիճակի, և՛ պաշտպանունակության առումով երբեք այսքան լավ վիճակում չի եղել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց նա՝ մեկնաբանելով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունները բանակի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ մարզային բազմաթիվ հանդիպումների ժամանակ ստիպված է եղել բազմիցս հրավիրել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, որպեսզի մարդիկ նրան շնորհակալություն հայտնեն բանակում տեղի ունեցած բարեփոխումների համար։
Ինչ վերաբերում է տարբեր մարդկանց «քաղաքական նկատառումներով հայտարարություններին», վարչապետը նշեց, թե իր համար կարևոր է զինվորների, նրանց ծնողների արձագանքը։ Միաժամանակ, Փաշինյանը չի հերքում, որ բանակում խնդիրներ կան, ըստ նրա՝ աշխարհում չկա մի բանակ, որտեղ խնդիրներ չլինեն։ Հիշեցրեց, որ ՀՀ կառավարության ընդունած՝ բանակի կերպափոխման տեսլականով քայլ առ քայլ առաջ են ընթանում։
Նրա խոսքով՝ բարեփոխումների միջանկյալ արդյունքները նախատեսվում է ցուցադրել մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրվան նվիրված սպառազինության ցուցադրության շրջանակներում: