Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Էդիտա Գզոյանին վերականգնել իր նախկին պաշտոնում

Ինստուտը նշել է, որ Ցեղասպանության ժխտումը վտանգավոր է՝ նկատելով, որ այս հարցում Հայաստանի վրա ճնշում է գործադրվում մի շարք ազդեցիկ անձանց, պետությունների և լավ ֆինանսավորվող կազմակերպությունների կողմից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միանում է Հայաստանի և ողջ աշխարհի բազմաթիվ գիտնականներին, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) արդեն նախկին տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը:
Այս մասին նշված է կազմակերպության X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա դա հարկադրաբար է արել։ Մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, մինչդեռ վարչապետը հայտարարել էր՝ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանին արարքը սադրիչ գործողություն էր։
Կազմակերպությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել դոկտոր Գզոյանին պաշտոնում և երաշխավորել ակադեմիական ազատության իրավունքը։ Ընդգծվում է, որ այն պայմաններում, երբ ցեղասպանությունների հիշողությունը ենթարկվում է ճնշումների, իսկ դրանց կանխարգելման գաղափարն ինքնին թուլանում է, գիտական հաստատությունների մտավոր անկախությունը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն։
«Հայաստանի վրա ճնշում է գործադրվում մի շարք ազդեցիկ անձանց, պետությունների և լավ ֆինանսավորվող կազմակերպությունների կողմից՝ պարտադրելու ռևիզիոնիստական, փաստացի ցեղասպանությունը ժխտող ազգային նարատիվ՝ ավելի ուժեղ հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ «խաղաղության» խոստումների դիմաց»,- ասված է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ Ցեղասպանության ժխտման խրախուսումն ուժեղացնում է այն իրականացնողների դիրքերը։ Հիմքեր չկան ենթադրելու, որ Ադրբեջանը կամ Թուրքիան փոխել են իրենց քաղաքականությունը հայերի նկատմամբ։ Որպես օրինակ բերվում է Իսրայելի հետ կապված իրավիճակը, որտեղ, հայտարարության հեղինակների կարծիքով, անպատժելիությունը կարող է հանգեցնել տարածաշրջանային ապակայունացման։
Բացի այդ, միակողմանի «կարգավորման գործընթացը» դիտարկվում է որպես պատմական ճշմարտության խարխլում, դավաճանություն ցեղասպանության զոհերի հիշատակին և խոչընդոտ՝ կայուն խաղաղության ճանապարհին։
Ինստիտուտը կոչ է անում այլընտրանքային մոտեցման՝ ստեղծել անկախ միջազգային գործընթաց Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ճշմարտության հաստատման և հաշտեցման համար։ Նման գործընթացը, ըստ կազմակերպության, պետք է հիմնված լինի փաստացի տվյալների վրա և նպաստի տարածաշրջանում երկարաժամկետ քաղաքական ու հասարակական խաղաղության հաստատմանը։
Հակառակ դեպքում, ինչպես ընդգծվում է հայտարարության մեջ, պահպանվում է բռնության նոր էսկալացիայի վտանգը, որի դեպքում հայերը կարող են կրկին հայտնվել առավել խոցելի վիճակում։
Հիշեցնենք, որ Էդիտա Գզոյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գլխավորել է 2024 թվականի փետրվարից։ 2013-18 թվականներին նա եղել է ավագ, իսկ 2018-ից՝ առաջատար գիտաշխատող և տնօրենի տեղակալ գիտական աշխատանքների գծով։ Մինչ այդ՝ 2009-2013 թվականներին, աշխատել է որպես գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում։