Լարսի անցակետը փակ է բոլորի համար, սահմանափակումներ կան նաև ՀՀ անցակետ տանող ճանապարհին

Անցումն արգելվում է ձնահյուսի վտանգի պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ «Վերին Լարս» անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես արգելվել է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ ժամանակավոր սահմանափակում է մտցվել դեպի Հայաստանի հետ անցակետերից մեկը (Բավրա) տանող ճանապարհին բեռնատարների համար։
Մասնավորապես, սահմանափակումը գործում է ներպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի՝ 94 կմ-ից 146 կմ (Հայազմա-Նինոծմինդա) հատվածում:
Պատճառն ձյան առատ տեղումներն են։
Հիշեցնենք, որ «Վերին Լարս» անցակետը ներկայում գործող միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):