Խնդիրները պետք չէ քաղաքական հովանու ներքո դիտարկել․ Փաշինյանը՝ «Պռոշյանի կոնյակի» մասին

Վարչապետն ընդգծեց, որ ԵԱՏՄ-ում կան հստակ կարգավորումներ, և այդ կարգավորումները գործում են նաև իր որոշմամբ՝ որպես ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն և միջկառավարական խորհուրդների անդամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ Կառավարությունը դեմ է, որ արտադրության մեջ առկա տարբեր խնդիրները փորձ արվեն ներկայացնել քաղաքական հովանու ներքո։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով «Պռոշյանի կոնյակի գործարանի» վերաբերյալ հրապարակումներին։
«2018 թվականից ես տասնյակ անգամներ հրապարակային և տասնյակ անգամներ ոչ հրապարակային խոսել եմ երկրում արտադրության ստանդարտիզացիայի անհրաժեշտության մասին։ Եվ մենք միլիոնավոր դոլարներ ենք հատկացրել տնտեսությանը, որպեսզի իրենք իրենց արտադրանքը ստանդարտիզացիայի ենթարկեն»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ կառավարությունը շարունակում է աջակցել տնտեսվարողներին, բայց համաձայն չէ, որ տարբեր խնդիրներ, այդ թվում՝ տեխնիկական, փորձ արվեն ներկայացնել քաղաքական հովանու ներքո։
«ԵԱՏՄ-ում կան հստակ ապրանքների, ծառայությունների, ֆինանսական միջոցների և աշխատուժի ազատ տեղաշարժի մասին կարգավորումներ, և այդ կարգավորումները գործում են մեր որոշմամբ, այդ թվում՝ իմ որոշմամբ՝ որպես ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի և միջկառավարական խորհրդի անդամ»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ԵԱՏՄ միակ պաշտոնյան է, որ միաժամանակ այդ երկու խորհուրդների անդամ է, ուստի լավագույնս է տիրապետում ԵԱՏՄ գործերին, և հենց իր գործն է նաև ապահովել, որ ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների, ֆինանսական միջոցների և աշխատուժի ազատ տեղաշարժ լինի։
Հիշեցնենք` Ռոսալկոգոլտոբակկոնտրոլը (Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը) ապրիլի 7-ին հայտնեց, որ չնախատեսված ստուգում է իրականացրել կոնյակի ներմուծման գործունեություն իրականացնող «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի նկատմամբ և խախտումներ հայտնաբերել, ինչը հիմք է հանդիսացել, որ գերատեսչությունը դատարան դիմի ընկերության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և դրա գործողությունը կասեցնելու համար։
Հաջորդ օրը Պռոշյանի կոնյակի գործարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանելու որևէ խնդիր չունեն, իսկ հրապարակումը վերաբերում է Ռուսաստանի Դաշնությունում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերությանը։