ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր մակարդակով նոր հանդիպումների մասին են պայմանավորվել։ Այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով իր՝ Մոսկվա կատարած այցին և դրան արդյունքներին։
«Բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում՝ հունիսի 2-րդ կեսին»,- ասաց Փաշինյանը։
Հավելեց, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ կուլիսային հանդիպում չի եղել։
Նրա խոսքով՝ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել ոչ միայն հանդիպումների, այլև տարբեր միջոցառումների վերաբերյալ։
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, պրոցեսը գնահատում եմ դրական, և մենք մեր սկզբունքը շարունակաբար պահելու ենք, մենք բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: