ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Դատարանը «Սրբազան պայքարի» գործով հայտարարեց նախնական դատալսումների փուլի ավարտ, սկսվեցին հիմնական դատալսումները։
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքար» նախաձեռնության 17 աջակիցների վերաբերյալ դատական նիստը։
Հանրային մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացությունը՝ ներկայացնելով հնարավոր հանցանքը․ հավաքագրել են 2000-ից ավելի անձի, ձեռք են բերել Երևանի քարտեզը, շարքից հանելու նպատակով ձեռք են բերել լուսացուցների և էլեկտրաէներգիայի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերը, ՀՀ իշխանությունը զավթելու համար պլանավորել են ահաբեկչություն կատարել՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր վնաս հասցնելու համար և այլն։
Նշենք, որ բոլոր մեղադրյալների համար դատախազը նույն տեքստը կարդաց։
Այդ ընթացքում դահլիճից Բագրատ սրբազանի աջակիցները սկսեցին վանկարկել՝ «ամոթ, ամոթ, սո՛ւտ է»։ Նիստի մասնակիցներն էլ «լռության ակցիա» իրականացրին՝ փակելով բերաններն ու ականջները՝ այսպիսով հրաժարվելով 18 անգամ լսել նույն տեքստը։
Հավելենք, որ «Սրբազան պայքարի» գործով հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 16-ին, ժամը 15։30-ին։
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։