ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. 2023 թ. սեպտեմբերի 19–20–ը հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց 8 ընտանիքների կտրամադրվի փոխհատուցում։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշված է, որ փոխհատուցումը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք իրենց միջոցներով և նախընտրած ձևով են պատրաստել ու տեղադրել շիրմաքարերի լրակազմերը կամ դրանց բաղադրիչները` տապանաքարերը։
Նախնական հաշվարկներով` փոխհատուցումը կկազմի շուրջ 10 մլն դրամ:
«Դրամական հատուցում տրամադրելու վերաբերյալ առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ եթե անգամ ընտանիքներն իրենց ցանկացած ձևով չբարեկարգեին գերեզմանները, այն պետք է իրականացվեր պետության կողմից և ծախսվեր գրեթե նույն գումարը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Կառավարությունից հայտնում են նաև, որ այն տապանաքարերը, որոնք ի սկզբանե նախատեսված էին այս ընտանիքների համար, սակայն չեն օգտագործվել և պահեստավորվել, կտրամադրվեն նոր հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար: