Թրամփը ծանոթացել է Իրանի հետ հրադադար հաստատելու առաջարկին, որը ներկայացրել է Պակիստանը

Պակիստանը հակամարտության կողմերին խնդրել է երկու շաբաթով հրադադար պահպանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծանոթացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև երկշաբաթյա հրադադար հաստատելու վերաբերյալ առաջարկին, որը ներկայացրել է Պակիստանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրանական քաղաքակրթությունն այսօր կարող է անվերադարձ դադարեցնել իր գոյությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ չէր ցանկանա դա: Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը Թրամփին խնդրել է երկու շաբաթով երկարաձգել Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու վերջնաժամկետը, ինչպես նաև կոչ է արել Թեհրանին այդ ընթացքում բացել Հորմուզի նեղուցը: Պակիստանը հակամարտության կողմերին խնդրել է երկու շաբաթով համատարած հրադադար պահպանել:
«Նախագահը ծանոթացել է այդ առաջարկին, և պատասխանը կհետևի», - Լևիտի ասածը մեջբերում է «Axios»-ի լրագրող Բարաք Ռավիդը:
ԱՄՆ նախագահն էլ «Fox News»-ի հետ զրույցում այսպես է պատասխանել Շարիֆի առաջարկի վերաբերյալ հարցին․ «Մի բան կարող եմ ասել՝ ես նրան շատ լավ եմ ճանաչում։ Նա շատ հարգված մարդ է ամբողջ աշխարհում»։
Թրամփը հրաժարվել է խոսել քննարկումների ընթացքի մասին՝ հայտարարելով, որ հենց հիմա լարված բանակցություններ են ընթանում:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: