ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն մտադիր է հասնել նրան, որ Իրանն իրեն փոխանցի հարստացված ուրանը՝դիտարկելով այս հարցը որպես առանցքային առաջնահերթություն և «կարմիր գիծ» առաջիկա բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլին Լևիթը։
«Դա նախագահի և նրա բանակցային թիմի առաջնահերթությունների ցանկի ամենավերևում է... դա կարմիր գիծ է, որից նախագահը մտադիր չէ հրաժարվել», – ընդգծել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնն ակնկալում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։
Լևիթը հայտնել է նաև, որ ԱՄՆ վարչակազմը բանակցային պատվիրակություն է ուղարկում Իսլամաբադ, որտեղ շաբաթ տեղի կունենա Իրանի ուղղությամբ բանակցությունների նոր փուլը: Պատվիրակությունը կգլխավորեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։
Բանակցություններն անցկացվելու են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին հայտարարությունից հետո: Դրանից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց Հորմուզի նեղուցի վերաբացման մասին՝ ռազմավարական երթուղի, որով անցնում է համաշխարհային նավթի, նավթամթերքի և հեղուկ բնական գազի մատակարարումների մոտ 20%-ը։
Սպիտակ տունը շեշտել է, որ ուշադիր կհետևի նեղուցում տիրող իրավիճակին։
«Իրանը պարտավորվել է վերաբացել Հորմուզի նեղուցը, ինչին կհետևի նախագահը, վարչակազմը ևս ուշադիր հետևում է դրան իրական ժամանակի ռեժիմում», – ասել է Լևիթը։
Միաժամանակ Վաշինգտոնը հնարավոր է համարում Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու հնարավորությունը, սակայն այդ հարցը դեռ քննարկման փուլում է։
«Սա գաղափար է, որը նախագահն արդեն արտահայտել է... և այն կքննարկվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում», – նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը։
Լևիթը միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ի առաջնահերթ խնդիրն է մնում «նեղուցի կայուն և անխափան աշխատանքի ապահովումը առանց որևէ սահմանափակման»։