ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Պռոշյանի կոնյակի գործարանն իր արտադրանքը Ռուսաստան արտահանելու որևէ խնդիր այս պահին չունի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին գործարանից` անդրադառնալով Ռոսալկոգոլտոբակկոնտրոլի հրապարակած հաղորդագրությանը։
Ալկոհոլի և ծխախոտի շուկաների վերահսկման դաշնային ծառայությունը երեկ հայտնել էր, որ չնախատեսված ստուգում է իրականացրել կոնյակի ներմուծման գործունեություն իրականացնող «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի նկատմամբ և խախտումներ հայտնաբերել, ինչը հիմք է հանդիսացել, որ գերատեսչությունը դատարան դիմի ընկերության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և դրա գործողությունը կասեցնելու համար։
«Մի շարք հրապարակումներում թույլ է տրվել սխալ նույնականացում՝ հայկական արտադրող գործարանը շփոթելով Ռուսաստանի Դաշնությունում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերության հետ, որը հանդիսանում է տվյալ շուկայում գործող ներմուծող ընկերություններից մեկը։ Նշված հրապարակումները վերաբերում են բացառապես այդ ներմուծող ընկերության գործունեությանը և որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող արտադրական գործընթացների հետ»,– Sputnik Արմենիային հայտնեցին Պռոշյանի կոնյակի գործարանից։
Նշեցին, որ գործարանը բնականոն գործում է, անխափան իրականացնում է արտադրությունը և շարունակաբար արտահանում է իր արտադրանքը միջազգային շուկաներ, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ։ Գործարանը պարբերաբար անցնում է միջազգային աուդիտներ և ունի համապատասխան որակի կառավարման և սննդամթերքի անվտանգության սերտիֆիկատներ, այդ թվում՝ ISO և HACCP ստանդարտներին համապատասխան։