ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Իսրայելի կողմից Լիբանանում և Իրանում հրադադարի խախտումը: Այս մասին հայտնում է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին և Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերին։
«Կողմերը զրույցի ընթացքում քննարկել են նաև Իսրայելի կողմից Իրանում և Լիբանանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը», - ասվում է Իրանի ԱԳՆ–ի հայտարարության մեջ:
ԱԳՆ-ից նշել են, որ Իրանի և Պակիստանի ներկայացուցիչները զրույցի ընթացքում կարևորել են նաև հետագա համակարգումը:
Հիշեցնենք` Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկսվել է մարտի 2-ի գիշերը, երբ, տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին, շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջանները, Բեքաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։
Երկշաբաթյա հրադադար Մերձավոր Արևելքում
Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։