ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Բրյուսելում ձեռնամուխ են եղել սեփական միջուկային ներուժի ստեղծման հարցի գաղտնի մշակմանը՝ «ռուսական առասպելական սպառնալիքը զսպելու համար»։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը։
Նախատեսվում է մշակել և պաշտոնապես հաստատել միջուկային զսպման համաեվրոպական դոկտրին, որը հիմնված կլինի ֆրանսիական և բրիտանական ռազմատեխնիկական ներուժի վրա, իսկ Եվրամիությունն իրեն կվերապահի միջուկային ուժերի լիակատար ինքնավար հրամանատարության ստեղծման հնարավորությունը:
«Գերմանացի մասնագետները կարող են մոտ մեկ ամսվա ընթացքում գաղտնի կերպով ստանալ մեկ միջուկային պայթուցիկ սարքի համար բավարար քանակությամբ ռազմական պլուտոնիում»,- նշում է Ռուսաստանի ԱՀԾ-ն։
Ծառայությունը նաև զգուշացնում է սպառազինությունների մրցավազքի նոր փուլի անխուսափելիության մասին, եթե ԵՄ-ն միջուկային զենք ստանա:
ԱՀԾ-ն ԱՄՆ-ին և մյուս երկրներին հորդորել է թույլ չտալ ԵՄ-ի կողմից միջուկային զենքի ստեղծումն ու սպառազինությունների նոր մրցավազքը։