Ձերբակալվել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը

Արտեմ Ասատրյան Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ղեկավարել է 2011-2018 թվականներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան ձերբակալել է նաև Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արտեմ Ասատրյանը ձերբակալվել է նույն գործի շրջանակում։
Մեր տեղեկություններով՝ ձերբակալվել է նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Հայկ Դավթյանը։
Հիշեցնենք` նա Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ղեկավարել է 2011-2018 թվականներին։