ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-Իրան հակամարտությանը դադար է տրվել, և սպասելի էր, որ երկու կողմերն էլ պետք է հայտարարեն հաղթանակի մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում և չի կարող երկար պատերազմել։ Այս տախտակի վրա արվող յուրաքանչյուր քայլ ստեղծում է ցուգցվանգին մոտ իրավիճակ: Այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ մեկնաբանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը։
«Ուրեմն ո՞վ հաղթեց։ Առաջին հերթին՝ ողջախոհությունը, որի հանդեպ հավատը խիստ խաթարվեց մեկ օրում իրանական քաղաքակրթությունը ոչնչացնելու մասին հայտարարություններով»,- տելեգրամյան ալիքում նշել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ այն փաստը, որ Թրամփը համաձայնել է քննարկել 10 կետից բաղկացած ծրագիրը, իրանցիների հաջողությունն է։ Հարցն այն է` արդյոք դրան համաձայնություն կտան Վաշինգտոնում. չէ՞ որ խոսքը և՛ Իրանին հասցված վնասի փոխհատուցման, և՛ միջուկային ծրագրի շարունակման, և՛ Հորմուզի նեղուցի նկատմամբ Թեհրանի վերահսկողության մասին է։
«Ակնհայտ է, որ ոչ։ Դա նվաստացուցիչ է նրա համար և կնշանակի Իրանի իրական հաղթանակ։ Ուրեմն ի՞նչ: Կրկին ռազմական գործողություննե՞ր: Հնարավոր է, բայց կա միջանկյալ տարբերակ: Թրամփը չի ցանկանում և չի կարող երկար պատերազմ վարել, և Կոնգրեսում նրան չեն աջակցի։ Ուրեմն պետք է պահպանել փխրուն հրադադարը և ձևացնել, թե ամեն ինչ լավ է։ Քանի որ այս տախտակի վրա յուրաքանչյուր քայլ առաջացնում է ցուգցվանգին մոտեցնող դիրք», – նշել է քաղաքական գործիչը։
Սակայն այս շախմատում ոչ թե երկու, այլ երեք խաղացող կա։ Կա նաև Իսրայել, որը ԱՄՆ-ի կողմից չի խաղում։
«Իսրայելին հրադադար պետք չէ, և նա չի լուծել իր խնդիրները։ Նա կարող է անել իր քայլը, պարզապես թափել խաղատախտակից բոլոր ֆիգուրները: Սա իրավիճակը ծայրաստիճան անորոշ է դարձնում: Այդ պատճառով ռուսատյաց եվրոպացի ոչխարները ստիպված կլինեն երկար ապրել խիստ խնայողության ռեժիմում։ Չէ՞ որ էժան նավթ չի լինի...», - եզրափակել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։