ԱՄՆ-Իրան պայմանավորվածությունից հետո Լիբանանը ձգտում է Իսրայելի հետ հրադադարի. վարչապետ

Լիբանանի անունից բանակցություններ կարող է վարել միայն պետությունն իր սահմանադրական ինստիտուտների միջոցով, որոնք ապահովում են ինքնիշխանության և քաղաքացիների շահերի պաշտպանությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Լիբանանի կառավարությունն ուժեղացրել է դիվանագիտական ջանքերը՝ ձգտելով հասնել Իսրայելի հետ հրադադարի: Այս մասին այսօր հայտարարել է երկրի վարչապետ Նավաֆ Սալամը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հայտարարված երկշաբաթյա հրադադարի ֆոնին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ապրիլի լույս 8-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Իրանի հետ երկու շաբաթ ժամկետով հրադադար հաստատելու պայմանավորվածության մասին: Ավելի ուշ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է Հորմուզի նեղուցի բացման մասին, որով անցնում է նավթի, նավթամթերքի և հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների շուրջ 20%-ը:
Սալամի խոսքով՝ հակամարտությունը սկսելուց ի վեր Լիբանանի համար առաջնահերթությունը դրա ավարտն է: ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի հրապարակումից հետո երկիրն ակտիվացրել է իր տարածքում հրադադար հաստատելուն ուղղված քաղաքական և դիվանագիտական շփումները:
Վարչապետը նաև ընդգծել է, որ Լիբանանի անունից բանակցություններ կարող է վարել միայն պետությունն իր սահմանադրական ինստիտուտների միջոցով, որոնք ապահովում են ինքնիշխանության և քաղաքացիների շահերի պաշտպանությունը:
Միևնույն ժամանակ իսրայելական ավիացիան և հրետանին այսօր առավոտյան հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող ավելի քան տասը բնակավայրերի, այդ թվում՝ տարածաշրջանի խոշորագույն քաղաք Տիրին: Իր հերթին, Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի հայտարարումից հետո, «Հըզբոլլահ» շարժումը չի հայտնել Իսրայելի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մասին:
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածության հերթական փուլը սկիզբ է առել մարտի 2-ի գիշերը, երբ տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր սրման ֆոնին շարժումը վերսկսել է իսրայելական տարածքի հրթիռակոծումը: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է սկսել Լիբանանի ուղղությամբ՝ թիրախավորելով հարավային շրջաններ, Բեկաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: Մարտի 16-ին իսրայելական բանակը հայտարարել էր Լիբանանի հարավում ցամաքային գործողություն սկսելու մասին։