ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները կանցկացվեն հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների մասնակցությամբ, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությունը հարցականի տակ է։ Այս մասին նա ասել է New York Post-ին տված հարցազրույցում։
«Մեր կողմից կլինեն Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները։ Ջեյ Դին` գուցե, չգիտեմ։ Դա անվտանգության հարց է», – ասել է նա։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ բանակցությունները տեղի կունենան Պակիստանում և «շատ շուտով»։
Հիշեցնենք` ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրել է, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի ապրիլի 10-ին Իսլամաբադում (Պակիստան)։
Իրանական կողմը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ստիպված է եղել ընդունել Թեհրանի` 10 կետից բաղկացած առաջարկը, որը ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության պահպանում և պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանի իսլամական դիմադրության դեմ։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «Times of Israel»-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից հայտարարել են, որ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա։