ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 2 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 00:10-ի սահմաններում «Շանգրի-Լա» խաղատան հարևանությամբ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս բախվել է քարե պատնեշին, ապա ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը։
«Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվողները` Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Հրանտ Ասատրյանը, Երևանի բնակիչ 37-ամյա Արման Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Երևանի բնակիչ 39-ամյա Բեգլար Սարիբեկյանը՝ «Երևան» բժշկագիտական կենտրոն»,–գրում է կայքը։
Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել պարեկները, իսկ մեկին` փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Ավելի ուշ «Երևան» բժշկագիտական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված 39-ամյա տղամարդը գիտակցության չգալով` մահացել է։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։