ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. ՀՀ քաղաքացիներն ամենաշատը կարևորում են անվտանգության հետ կապված խնդիրները։ Այս մասին ասուլիսին ասաց «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով մարտի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 1001 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։
«Որպես երկրի ամենակարևոր խնդիր հարցված ՀՀ քաղաքացիների 49,8%-ը նշել է անվտանգության հետ կապված խնդիրները, 14,9 %-ը՝ գործազրկությունը, 13,5%-ը տնտեսական վիճակը, 10,7 %-ը՝ ցածր թոշակները, իսկ սահմանների հստակեցման խնդիրները հուզում են հարցվածների միայն 9,8 %-ին»,- նշեց Նավասարդյանը։
Կրթական համակարգի վիճակը խնդիր է համարում 9,7 %-ը, գնաճն ու ինֆլյացիան՝ 8,6%-ը, առողջապահական համակարգի վատ վիճակը՝ 5,1 %-ը, արտաքին քաղաքականության խնդիրները՝ 2,4%-ը, իսկ բարձր հարկերը՝ 1,3%-ը։