ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագիծը, որի վրա Մոսկվան վետո է դրել, փաստացի «քարտ-բլանշ» էր տալիս Իրանի դեմ ագրեսիվ գործողությունները շարունակելու համար։ Նա ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի նիստում։
Դիվանագետի խոսքով՝ նման միակողմանի բանաձևի ընդունումը կվտանգեր բանակցային գործընթացի վերսկսման հեռանկարները։
«Դա կխաթարեր ճգնաժամի դիվանագիտական կարգավորման ցանկացած հնարավորություն», -նշել է նա՝ հավելելով, որ փաստաթուղթը կարող էր խոչընդոտել նաև Չինաստանի, Պակիստանի և Թուրքիայի խաղաղարար նախաձեռնությունները։
Նեբենզյան նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով Իրանում մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվում։
Բացի այդ, ՌԴ մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ Ռուսաստանը Չինաստանի հետ համատեղ Անվտանգության խորհրդին առաջարկում է դիտարկել բանաձևի այլընտրանքային նախագիծ, որը հաշվի կառնի տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ ծովային անվտանգության հարցերը։
Տարածաշրջանի երկրներին նա ուղիղ երկխոսության կոչ է արել։
«Մեր արաբ և իրանցի գործընկերներին կոչ ենք անում ինքնուրույն կարգավորել նավագնացության հարցերը։ Ռուսաստանը պատրաստ է աջակցել նման շփումներին»,-ընդգծել է դիվանագետը։
Բացի այդ, նա ԱՄՆ-ին մեղադրել է դիվանագիտական ջանքերը ձախողելու մեջ։
«Վաշինգտոնն արդեն երկու անգամ դավաճանել է դիվանագիտությանը՝ Իրանին հարվածներ հասցնելով բանակցային գործընթացի թեժ պահին»,-հայտարարել է Նեբենզյան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ռուսաստանի և Չինաստանի վետոյի պատճառով չի կարողացել ընդունել Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանաձևի նախագիծը, որն առաջարկել էր Բահրեյնը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 11 երկիր, ևս երկուսը ձեռնպահ են մնացել։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: