ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik․ Ռուսաստանն ու Չինաստանը վետո են կիրառել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որն առաջարկել էր Բահրեյնը։
Ի պաշտպանություն նախագծի հանդես է եկել 11 երկիր, Պակիստանն ու Կոլումբիան ձեռնպահ են մնացել։
Բահրեյնի կողմից Պարսից ծոցի երկրների աջակցությամբ պատրաստված փաստաթուղթը թույլ էր տալու միջազգային ուժերին օգտագործել «բոլոր անհրաժեշտ միջոցները» նեղուցի ապաշրջափակման և ազատ նավարկության երաշխավորման համար:
Բացի այդ, փաստաթուղթն Իրանից պահանջում է անհապաղ դադարեցնել նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումները: Խորհուրդը նաև կոչ է անում ապաէսկալացնել շարունակվող ռազմական գործողությունները, այդ թվում՝ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում, վերադառնալ դիվանագիտության ուղի և ողջունում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն ուղղված շարունակական ջանքերը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: