Ծաղկեփունջը, առաջին հերթին, վերաբերմունք է։ Եվ եթե ծաղկավաճառը չի կարողանում ըմբռնել այս պարզ ճշմարտությունը, ապա նա պետք է հեռու մնա ծաղկի բիզնեսից։ Սա կատարյալ տարբերակն է։ Իսկ իրականում կանանց տոնին (Հայաստանում այն մեկ ամիս է տևում՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը) ծաղկավաճառները հաճախ ամենաանբարեխիղճ ձևով են վարվում՝ կենտրոնանալով բացառապես որքան հնարավոր է շատ գումար վաստակելու վրա։
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, գնագոյացման պետական վերահսկողությունը գործնականում բացակայում է, շուկան հիմնականում ինքնակարգավորվում է։
Այստեղ պետք է տարանջատել մեծածախ և մանրածախ գները։ Այս ժամանակահատվածում երկուսն էլ փոխվում են։ Սակայն հենց մանրածախ առևտրում են փոփոխություններն ավելի նկատելի, չարաշահումներն էլ երբեմն աղետալի մակարդակի են հասնում։
«Գնաճը վաճառողները բացատրում են նրանով, որ ծաղկի բիզնեսը խիստ կախված է սեզոնայնությունից. Ամանորի տոներից հետո անկում է նկատվում: Առավել ակտիվ շրջաններից են Սուրբ Վալենտինի օրը փետրվարին, մարտի 8-ը և ապրիլի 7-ը: Այդ օրերից հետո կրկին անկում է նկատվում, ամենակայուն ժամանակահատվածը մայիս-հունիսն են համարվում։ Նման անհամաչափության պայմաններում վաճառողները փորձում են լրացնել կորուստները տոների ընթացքում: Լրացուցիչ դեր է խաղում նաև ֆլորիստների աշխատանքը, որոնց տոն օրերին վճարում են յուրաքանչյուր ծաղկեփնջի կամ կոմպոզիցիայի, այլ ոչ թե օրվա համար», – ասում է Պիպոյանը:
Նա նշում է, որ երկրում ինչպես վերահսկողության հստակ մեխանիզմներ, այնպես էլ գների համակարգված վերլուծություն չկա: Փորձագետի խոսքով՝ պետական մարմինները կարող էին ուսումնասիրել գների դինամիկան, հատկապես մեծածախ մակարդակում, և անհրաժեշտության դեպքում կարգավորող միջոցառումներ իրականացնել:
Գովազդին չհամապատասխանող ապրանք
Ծաղիկների առցանց վաճառքը առանձին խնդիր է։ Հաճախորդները հաճախ բախվում են նրան, որ առաքված ծաղկեփնջերը չեն համապատասխանում կայքում կամ գովազդներում ցուցադրված պատկերներին, չնայած բարձր արժեքին։
«Աշխատավայրում էի, երբ առաքիչը զանգահարեց և ասաց, որ իջնեմ վերցնեմ ծաղկեփունջս։ Ինձ համար հուզիչ պահ էր, քանի որ նոր ենք սկսել հանդիպել ընտրյալիս հետ... Եվ որքան էր հիասթափությունս, երբ շքեղ ծաղկեփնջի փոխարեն տեսա մի քանի կիսաբացված ծաղիկներ՝ տարբեր երկարության, որոնք անփույթ փաթաթված էին թղթով», – պատմում է Արփին։
Ավելի ուշ պարզվել է, որ նրա ընտրյալը գումար չի խնայել և բավական արժեքավոր ծաղկեփունջ է ընտրել, բայց այն, ինչ իվերջո առաքվել էր, մեղմ ասած, չէր համապատասխանում ընկերության սոցցանցի էջում տեղադրված լուսանկարին։ Խաբված երիտասարդը կրկին կապ է հաստատել ընկերության ներկայացուցչի հետ և պահանջել նորից ուղարկել հենց այն ծաղիկները, որոնց համար վճարել է, կամ վերադարձնել գումարը, բայց բավականին կտրուկ ձևով մերժում է ստացել։ Նրան բառացիորեն ասել են. «Ուր ուզում եք դիմեք։ Միևնույն է, ոչ մի բանի չեք հասնի»։
Եղել են նաև դեպքեր, երբ լուսանկարում պատկերված ծաղկեփունջը դասավորված է եղել զամբյուղի մեջ, սակայն պատվերը ստանալիս զամբյուղ չի եղել։ Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ տոն օրերին քիչ թե շատ պատշաճ ծաղկեփունջ պատվիրել 15-20 հազար դրամից պակաս անհնար է։
Պիպոյանը բացատրում է, որ նման դեպքերում սպառողները պաշտպանության իրավական մեխանիզմներ ունեն։
Եթե ապրանքը գովազդին չի համապատասխանում, դա կարող է համարվել մոլորեցնող գովազդ, իսկ բուն ապրանքը` անորակ։ Այդ դեպքում գնորդն իրավունք ունի այն հետ վերադարձնել և պաշտպանել իր շահերը։ Մասնավորապես, նա պետք է դիմի Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովին.
«Հիմնական խնդիրը հենց սպառողների վարքն է. պաշտոնական բողոքներ ներկայացնելու փոխարեն նրանք սահմանափակվում են սոցցանցերում գրառումներով, որոնք իրավական հետևանքներ չեն առաջացնում։ Իրավունքներն իսկապես պաշտպանելու համար պետք է գրավոր դիմում ներկայացնել լիազոր մարմիններին։ Միայն այդ դեպքում են հնարավոր ստուգումները և պատժամիջոցները վաճառողների նկատմամբ, իսկ ծայրահեղ դեպքերում՝ դատական գործընթացներ»։
Իր հերթին գործարար Մելիքսեթ Պողոսյանը, ով ավելի քան տասը տարի զբաղվում է ծաղկի բիզնեսով, գնորդներին խորհուրդ է տալիս խուսափել անհայտ ծագում ունեցող կայքերից, որոնց հետևում հաճախ մեկ օրական ընկերություններ են կանգնած: Իսկ եթե ամեն դեպքում գնում են կատարում, պետք է խուսափել կանխավճարից և պարտադիր պահանջել կտրոն՝ համոզվելու համար, որ ապրանքը օրինական աղբյուրից է ստացվում։