ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik․ ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատների շրջանում Դոնալդ Թրամփի պաշտոնանկության կոչերը հասել են գագաթնակետին այն բանից հետո, երբ նա Իրանի մասին գրառման մեջ սպառնաց, թե այսօր երեկոյան մի ամբողջ քաղաքակրթություն կվերանա։ Այս մասին գրում է «Axios»-ը։
Վենեսուելայի, իսկ այժմ նաև Իրանի վրա Թրամփի հարձակումներն այս տարի դեմոկրատ օրենսդիրներին մղել են իմպիչմենտի գործընթաց նախաձեռնել։
Դիտարկվում է նաև նախարարների կաբինետ նամակ ուղարկելու տարբերակը, որպեսզի գործի դրվի ԱՄՆ Սահմանադրության 25-րդ լրացումը։ Այն կարգավորում է նախագահի պաշտոնի թափուր մնալու, փոխնախագահի նշանակման և նախագահի անաշխատունակության դեպքում իշխանության փոխանցման հարցերը և թույլ է տալիս փոխնախագահին և կառավարության մեծամասնությանը ժամանակավորապես ստանձնել նախագահի լիազորությունները, եթե նախագահն ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները։
Ներկայացուցիչների պալատի անդամ Իլհան Օմարը X-ում բավականին կտրուկ գրառում է արել։
«Սա անընդունելի է: Կիրառե՛ք 25-րդ լրացումը: Իմպիչմենտի ենթարկե՛ք: Հեռացրե՛ք: Այս անկայուն խելագարը պետք է հեռացվի պաշտոնից»,- գրել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իրանական քաղաքակրթությունն այսօր կարող է անվերադարձ դադարեցնել իր գոյությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ չէր ցանկանա դա:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: