«Եվրասիա» միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված ռուսական ինքնավար ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը զգալիորեն ընդլայնվում է ռուսաց լեզվի աջակցության եվրասիական ասոցիացիայի շրջանակներում։ Այս մասին հայտարարեց Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ–ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան՝ ներկայացնելով ՀԿ-ի 2025 թ. գործունեությունը։
Խոսելով «Եվրասիա» ՀԿ–ի ընդլայնման մասին՝ նա նշեց Հայաստանում ռուսական կենտրոնների աջակցությունը։
«Նախ, մենք Հայաստանում ռուսական կենտրոնների աջակցությունն ունենք: Ցավոք, երբ մենք սկսեցինք մեր առաջատար նախագծերը, ինչպիսիք են «Բացահայտիր Ռուսաստանը» և «Ճանաչում եմ Եվրասիան», մենք պարզեցինք, որ Հայաստանի երիտասարդները վատ են խոսում ռուսերեն: Եվ անսպասելի էր, որ երիտասարդների զգալի մասը ավելի լավ է խոսում անգլերեն, քան ռուսերեն: Եվ պետք է հանուն արդարության ասել, որ երիտասարդները «Եվրասիա» ՀԿ–ի ծրագրերի շրջանակում իրենց ուղևորությունից հետո անձամբ ցանկություն հայտնեցին ռուսերեն սովորել: Մենք հենվում էինք «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի վրա, որը փորձագիտական հմտություններ ուներ, իսկ մենք` ռեսուրսներ, և միասին փորձեցինք շատ լավ նախագիծ ստեղծել՝ «Ռուսաց լեզուն Հայաստանում»», – ընդգծեց «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահը:
Նրա խոսքով` Հայաստանի այսօր բազմաթիվ երիտասարդներ են օգտվում «Եվրասիա» ՀԿ-ի հնարավորություններից, որոնք կազմակերպության ղեկավարությունը մտադիր է ընդլայնել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում, որն իրականացվում է «Եվրասիա» ՀԿ-ի և Ռուսաական մարդասիրական առաքելության կողմից՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի աջակցությամբ և ՌԴ ՊՆ–ի ակտիվ մասնակցությամբ, 9 ամսվա ընթացքում օգնությունը հասել է Հայաստանի 45 բնակավայրեր: