ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Կուսակցությունների, դաշինքների անվանումներում անձնանունների կիրառումը կարգելվի։ Ազգային ժողովի արտահերթ նիստում 67 կողմ, 6 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշեց ուղղել, իրենց բնորոշմամբ, տեխնիկական վրիպակն ու հրատապության կարգով` 24–ժամյա ռեժիմով, քննարկել ու ընդունել օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
Հրատապության պատճառն էլ այն է, որ ապրիլի 13–ից սկսվում է ԱԺ առաջիկա ընտրություններում կուսակցությունների և դաշինքների գրանցումը։
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընդդիմությունը սա համարում է անընդունելի մոտեցում, հատկապես երբ կա Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանին տրված խորհրդատվություն, ըստ որի` ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ խաղի կանոններ չպետք է փոխվեն։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելով, թե ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքում հապճեպ փոփոխություններ կատարելը վտանգում է Հայաստանի Հանրապետության իրավական արժեքները: Իրավապաշտպան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանի խոսքով՝ իշխանությունն այս օրենսդրական փոփոխությամբ պայքարում է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի անվան դեմ (մարտի 31-ին բարերար Սամվել Կարապետյանի թիմը հայտարարեց, որ ընտրությունների են գնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքով)։