«Բուշեր» ԱԷԿ–ից «Ռոսատոմի» ևս 175 աշխատակից է տարհանվել Հայաստանով. ՌԴ դեսպանատուն

Հորմուզի նեղուցը շարունակում է մնալ հիմնական խնդիրը, որի լուծումից է կախված անվտանգությունը տարածաշրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի 175 մասնագետներից բաղկացած հերթական խումբն է «Բուշեր» ատոմակայանից տարհանվել Հայաստանի միջոցով։ Այս մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
«Ապրիլի 6-ին հատուկ չվերթով Երևանից Մոսկվա է մեկնել «Բուշեր» ԱԷԿ–ից տարհանված աշխատակիցների հերթական խումբը` բաղկացած Ռուսաստանի 175 քաղաքացիներից։ Նրանք Իրանից Հայաստան են ժամանել «Նուրդուզ»/«Ագարակ» սահմանային անցակետով»,– ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ դիվանագիտական ​​առաքելությունը խորը երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի աշխատակիցների մուտքն արագ ձևակերպելու համար։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր, Հայաստանի տարածքով Ռուսաստան է վերադարձել ընդհանուր առմամբ 509 ՌԴ քաղաքացի։
Ավելի վաղ «Բուշեր» ատոմակայանի տարածքը երեք անգամ գնդակոծվել է` մարտի 17-ին, մարտի 24-ին և մարտի 27-ին: Վերջին անգամ զինամթերքը պայթել է պոմպակայանի մոտակայքում։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: