ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. Արմավիրի մարզի Շենիկ գյուղում մի խումբ անձանց միջև ծագած վեճն ավարտվել է սպանությամբ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 16։14-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 48-ամյա մի բնակիչ, որը մահացել է։
Իրավապահները պարզել են, որ նույն օրը Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, ըստ նախնական տվյալների, մեքենան անկանոն վարելու հետ կապված վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նույն համայնքի 41-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ։
ՆԳՆ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների և ՆԳՆ համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի աշխատակիցների անհետաձգելի օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է 41-ամյա տղամարդու փախուստը հանրապետությունից։ Ոստիկանները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հայտնաբերել և ձերբակալել են Արմավիրի մարզի Շենիկ գյուղի 41-ամյա բնակչին։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Ձերբակալված անձն ու կազմված փաստաթղթերն ուղարկվում են նախաքննական մարմին։