2027-ից բժշկական ապահովագրության համակարգում կընդգրկվեն տաքսիստները․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

Ընդլայնվել է համակարգից օգտվող շահառուների ցանկը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար ապահովագրավճարը վճարելու ժամկետը երկարաձգվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik․ Հայաստանում էլեկտրոնային հարթակով աշխատող տաքսու վարորդները 2027 թվականի հունվարի 1-ից կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում։ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Փոփոխությունները նախաձեռնվել են փետրվարին Երևանում տաքսու վարորդների կազմակերպած բողոքի ակցիայից հետո: Նրանք պահանջում էին բարելավել իրենց աշխատանքային պայմանները՝ բողոքելով ամեն պատվերից իրենցից գանձվող բարձր տոկոսադրույքներից։ Բացի այդ, պահանջում էին գրանցել իրենց որպես աշխատող, քանի որ իրենք ո՛չ առողջության համընդհանուր ապահովագրությունից են կարողանում օգտվել, ո՛չ էլ բանկերն են իրենց վարկեր տրամադրում։ Վարորդները նաև ստորագրահավաք էին կազմակերպել, որին շուրջ 500 տաքսու վարորդ էր միացել։
«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխությունների արդյունքում 2027 թվականից, այլ ոչ թե 2028-ից, համակարգում կներառվեն մարտական գործողությունների մասնակիցները (բացառությամբ՝ կադրային զինծառայողների), որոնք ստանում են, այսպես կոչված, հաշմանդամության նպաստ:
Փոփոխությունները նախատեսում են նաև համակարգին կամավոր միանալու հնարավորություն արդեն ապահովագրված քաղաքացիների ընտանիքների անդամների համար։
Բացի այդ, ապահովագրավճար վճարող անհատ ձեռնարկատերերի համար վճարման վերջնաժամկետ է սահմանվում ոչ թե ապրիլի 20-ը, այլ հունիսի 20-ը։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։