ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի – Sputnik. 2025 թվականին Հայաստան օտարերկրյա ներդրումների ներհոսքն աճել է՝ 29,8-ից հասնելով 34,5 մլրդ դրամի (մոտ $91 մլն)։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Հանքարդյունաբերության ոլորտում տարբեր միտումներ են արձանագրվել։ Մասնավորապես կտրուկ կրճատվել է Կանադայից ներդրումների ներհոսքը և նվազել է Ռուսաստանից արտահոսքը։ Եթե 2024 թվականին Կանադայից ներդրումները ոլորտում կազմել էին 17,7 մլրդ դրամ (մոտ $46 մլն), ապա 2025-ին գրանցվել է 73,7 մլրդ դրամի արտահոսք (մոտ $194 մլն)։
Ռուսական ներդրումների մասով հակառակ իրավիճակն է․ արտահոսքը կրճատվել է՝ 2024-ի 100,7 մլրդ դրամից (մոտ $265 մլն) 2025-ին հասնելով մոտ 7 մլրդ դրամի (մոտ $18,6 մլն)։
2025 թվականին Ամուլսարի ոսկու հանքավայրի բաժնետոմսերի 87,5%-ը «Lydian Canada Ventures Corporation» ընկերությունից անցել է բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «United Gold ARM LLC FZ» ընկերությանը։ Բաժնետոմսերի ևս 12,5%-ը մնում է Հայաստանի կառավարության սեփականությունը։
Բացի այդ, ոլորտում շուրջ 20 մլրդ դրամի (մոտ $52,5 մլն) ներդրում է ստացվել Ղազախստանից։
Էներգետիկայի ոլորտում ավելի քան 7 մլրդ դրամի (մոտ $18,5 մլն) ներդրումներ բաժին են ընկել Կիպրոսին. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր «Տաշիր կապիտալ» հոլդինգի ակտիվների մի մասը հենց Կիպրոսում է գրանցված։ 2024 թվականի համեմատ նման ներդրումների ծավալն աճել է ավելի քան երկու անգամ։
Գերմանական ներդրումների արտահոսքը կազմել է շուրջ 37 մլրդ դրամ (մոտ $97 մլն), ինչը հիմնականում կապված է KfW բանկի տրամադրած վարկերի վերադարձի հետ։
Ջրային տնտեսության ոլորտում հիմնական ներդրողը շարունակում է մնալ Ֆրանսիան. ներդրումների ծավալը նվազել է՝ 2024-ի ավելի քան 9 մլրդ դրամից (մոտ $23,6 մլն) 2025-ին հասնելով շուրջ 7,5 մլրդ դրամի (մոտ $20 մլն)։
Ներդրումների զգալի աճ է գրանցվել ավիացիոն ոլորտում։ Մոլդովայից (որտեղ գրանցված են «FlyOne» ավիաընկերության բաժնետոմսերի մի մասը) ներդրումները կազմել են 3,7 մլրդ դրամ (մոտ $10 մլն), մինչդեռ 2024-ին այդպիսի ներդրումներ չկային։ Լյուքսեմբուրգից ներդրումներն աճել են գրեթե չորս անգամ՝ հասնելով 30,5 մլրդ դրամի (ավելի քան $80 մլն)։
ՏՏ ոլորտում արձանագրվել է ԱՄՆ-ից ներդրումների որոշակի նվազում՝ 2024-ի 10,2 մլրդ դրամից (մոտ $27 մլն) մինչև 8,8 մլրդ դրամ (մոտ $23 մլն)՝ 2025-ին։
Ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ 2025-ին հիմնական ներդրողներն են դարձել Ֆրանսիան (ավելի քան 3 մլրդ դրամ) և Լյուքսեմբուրգը (շուրջ 4,5 մլրդ դրամ), մինչդեռ նախորդ տարի այս ուղղություններով արտահոսք էր գրանցվել։
Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են Լյուքսեմբուրգը, Կիպրոսը և Վիրջինյան կղզիները, հաճախ օգտագործվում են որպես օֆշորային ուղղություններ ներդրումների համար։