ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Արմավիրի մարզում վիճաբանություն ժամանակ 15 հոգով ծեծել են 43-ամյա տղամարդուն։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ապրիլի 2-ին, ժամը 01։50-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորապատ գյուղի 5-րդ փողոցի 13/1 հասցեի դիմաց մոտ 20 հոգի հարձակվել են դեղատան աշխատակցի վրա։
Ոստիկանության ծառայողներին Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Կարեն Մ․-ն հայտնել է, որ դեղատան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մոտ 15 անձին, որոնց ինքը չի ճանաչում, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Պարզվել է, որ Կարեն Մ․-ի հետ վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Կարեն Մ․-ն, 21-ամյա Արման Մ․-ն, 17-ամյա Ռ․ Մ․-ն և 41-ամյա Մյասնիկ Մ․-ն։ Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։