ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Երևանում նոր աղբավայր չի կառուցվի, քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ է։ Այս մասին Ավինյանն ասաց քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, երբ «Կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը ներկայացնում էր ՎԶԵԲ-ի հետ իրականացվելիք ծրագիրը։ Համաձայն դրա, Երևանում պետք է նոր աղբավայր կառուցվի։
«Այս ծրագիրը որևէ տեղ չի հասնելու, քանի որ մեր նպատակը նոր աղբավայր կառուցելը չէ։ Մենք պետք է ունենանք աղբի վերամշակման նոր գործարան, որը պետք է ամբողջությամբ տնօրինի այն աղբը, որը հավաքվում է Երևանում և մոտակա մարզերում։ Խնդիրը եթե նոր աղբավայրի մասին է, ապա կարող եք որևէ բան չշարունակել, մեր գործընկերներին էլ ասեք, որ այս կետում կանգ ենք առնում։ Ես երբևէ չեմ ասել, որ մենք նոր աղբավայր ենք կառուցելու»,- նշեց Ավինյանը։
Բաբայանն ի պատասխան ընդգծեց, որ նույնիսկ վերամշակման գործարանի կառուցման համար անհրաժեշտ է նոր սանիտարական աղբավայրի անհրաժեշտություն։
Այնուամենայնիվ, Ավինյանը պնդեց՝ նոր աղբավայր Երևանում չի կառուցվելու։ Ավելին, նրա խոսքով՝ եղած աղբավայրը պետք է կոնսերվացնել։
Հիշեցնենք, որ դեռ 2025 թվականի հուլիսին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ընդգծել էին, որ Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով միջազգային ֆինանսական կառույցների և խորհրդատուների հետ, աշխատում է մայրաքաղաքի համար նոր, թափոնների վերամշակման ժամանակակից չափանիշներին համապատասխանող գործարանի կառուցման, Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերի փակման ու սանիտարական նոր աղբավայրի կառուցման ուղղությամբ։ Հավելել էին նաև, որ նոր աղբավայրը կունենա գործունեության բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, ցանկապատված կլինի և կհամալրվի թափոնների կշռման կամուրջով, անիվների լվացման համակարգով և աղբի խտացման ու հարթեցման անհրաժեշտ տեխնիկայով:
Նուբարաշենի աղբավայրը գործում է 1950-ական թվականներից։ Այն գտնվում է Երևանի կենտրոնից 9-10 կմ հեռավորության վրա և զբաղեցնում է 52.3 հա տարածք։ Քաղաքապետարանի տվյալներով՝ աղբավայր օրական 1000-1200 տոննա թափոն է մտնում, ինչը տարեկան կազմում է մինչև 440 հազար տոննա։ Աղբավայրը չունի թափոնների տեսակավորման և վերամշակման համակարգ. թափոնները խտացվում և ծածկվում են հողի շերտով։ Վերամշակման ֆորմալ մեխանիզմների բացակայության պայմաններում այդ աշխատանքի մի մասն իրականացվում է ոչ ֆորմալ հավաքորդների կողմից, որոնց համար նման գործունեությունը եկամտի միակ աղբյուրն է։
Քաղաքապետարանը բազմիցս ընդգծել է, որ աղբավայրի փակումը և նոր աղբավայրի ստեղծումը մնում են քաղաքային իշխանությունների առաջնահերթ խնդիրների շարքում։