ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Իսրայելի Հայֆա քաղաքում հրթիռակոծությունից հետո բնակելի շենքի փլատակներից երկու մարդու մարմին է դուրս բերվել։ Այս մասին գրում է Times of Israel-ը՝ հղում անելով փրկարարական ծառայություններին։
Թերթն ավելի վաղ հայտնել էր, որ փլատակների տակ 4 մարդ է մնացել։
«Հայֆայում իրանական բալիստիկ հրթիռի ընկնելու վայրում փլատակներից 2 մարդու մարմին է դուրս բերվել», – ասվում է հրապարակման մեջ։
Փրկարարական աշխատանքների ընթացքում առաջադեմ տեխնոլոգիական միջոցներ են օգտագործվել, այդ թվում՝ տեղորոշում հեռախոսի միջոցով, հաղորդում է պետական Kan հեռուստառադիոընկերությունը` հղում անելով Իսրայելի հրշեջ-փրկարարական ծառայությանը։ Նշվում է, որ աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր մինչև վաղ առավոտ։
Ապրիլի 5-ին իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայֆայում յոթհարկանի բնակելի շենք է վնասվել Իրանից հրթիռի արձակումից հետո, դեպքի վայրում հրդեհ է բռնկվել։
Իսրայելի շտապօգնության ծառայությունը (MDA) հաղորդել էր, որ գնդակոծության հետևանքով առնվազն 9 մարդ է վիրավորվել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: