«Բուշեր» ԱԷԿ–ի գնդակոծությունները ռազմական հանցագործության օրինակ են. Իրանը ՄԱԳԱՏԷ է դիմել

Էսլամին նաև նշել է, որ Իրանը ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. «Բուշեր» ԱԷԿ–ի գնդակոծությունը ռազմական հանցագործության օրինակ է, ինչի հետ կապված Իրանը բողոքի նամակ է հղել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին՝ պահանջելով դատապարտել նման գործողությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը։
«Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում Ատոմային էներգիայի կազմակերպության գլխավոր տնօրեն Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ «Բուշեր» ատոմակայանի 1-ին բլոկի մոտ տեղի ունեցած վերջին հարձակումը միջազգային իրավունքի խախտում է և ռազմական հանցագործության օրինակ, և պահանջել է, որ գործակալությունը միանշանակ դատապարտի այդ գործողությունները», – ասվում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հայտարարության մեջ։
Էսլամին միջադեպի կապակցությամբ նաև բողոք է արտահայտել ՄԱԳԱՏԷ-ին՝ նշելով, որ Իրանը ինքնապաշտպանության անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի։
Ապրիլի 4–ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԱԷԿ) հայտնել էր, որ «Բուշեր» ատոմակայանի տարածքն ընկել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների տակ, աշխատակիցներից մեկը զոհվել է։ Սա «Բուշեր» ատոմակայանի հետ կապված 4-րդ միջադեպն էր փետրվարի 28-ին Իրանի շուրջ սկսված հակամարտությունից ի վեր։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: