ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ն և Իրանը քննարկում են 45–օրյա հրադադարը։ Այս մասին գրում է Axios–ը։
ԱՄՆ-ում, Իսրայելում և շրջաններում բանակցություններին ծանոթ 4 աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն, Իրանը և տարածաշրջանային միջնորդների խումբը քննարկում են 45-օրյա հնարավոր հրադադարի պայմանները, որը կարող է հանգեցնել պատերազմի վերջնական ավարտին։
Միևնույն ժամանակ պարբերականը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում մասնակի համաձայնության հասնելու հնարավորությունները փոքր են։
Սակայն այս վերջին փորձը պատերազմի դրամատիկ սրացումը կանխելու միակ հնարավորությունն է, պատերազմ, որը Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ զանգվածային հարվածներ և Պարսից ծոցի էներգետիկ և ջրային օբյեկտների դեմ պատասխան գործողություններ կներառի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր, որ Իրանը ապաշրջափակի Հորմուզի նեղուցը՝ սպառնալով հակառակ դեպքում «դժոխք թափել» նրա գլխին։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: