ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տագնապներն ու մտահոգությունները չեն լքում հայ ժողովրդի սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն։ Հայ ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգի զավակները վճարել են իրենց կյանքով։ Այս մասին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով հավատացյալներին հղած իր պատգամում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
«Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։ Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, և կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր»,–ասաց Գարեգին Երկրորդը։
Նա ընդգծեց, որ եկեղեցին իր զավակներին մշտապես զերծ է պահում հուսահատությունից, անիրավություններից ու անկումներից, իսկ հայրենական և ազգային անդաստանը՝ կորստաբեր ճանապարհներից։ Իսկ հարուցյալ կյանքը երբեք չի կարող լինել միմյանցից օտարացմամբ ու բաժանումներով, քրիստոնեական արժեքների խեղմամբ, եկեղեցու առաքելության նսեմացմամբ ու սահմանափակմամբ, ազգային շահերը խեղաթյուրելով, արդարությունն ու ճշմարտությունը աղճատելով։
«Հայրապետական մեր պատգամն է՝ նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։ Առաջնորդվենք վնասակար ու կործանարար երևույթները բացառելու հանձնառությամբ, մեր պարտություններից ոտքի կանգնելու հաստատակամությամբ և նախնյաց ժառանգությունը անաղարտ պահպանելու նախանձախնդրությամբ։ Գերադասենք սերը, համերաշխությունը, միասնությունը, որպեսզի համատեղ ջանքերով կարող լինենք վեր հառնել մեզ պատուհասած նեղություններից ու դժվարություններից, ամրապնդել մեր պետականությունը և կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը»,–ասաց կաթողիկոսը։
Նա աղոթք բարձրացրեց առ Աստված համայն աշխարհի և Հայաստանի խաղաղության և ապահովության, ապօրինաբար ազատազրկվածների, անհայտ կորածների ու նրանց ընտանիքների, նեղությունների ու զրկանքների մեջ գտնվողների, ապաքինման կարոտ անձանց համար։
Հավելենք, որ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Քրիստոսի հրաշափառ Հարությունը։ Վաղ առավոտից Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը բազմամարդ է։ Նաև մեծ թվով օտարերկրացիներ են եկել՝ տեսնելու, թե ինչպես է առաջին քրիստոնյա երկիրը տոնում Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։