ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են։ Իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ։ Այս մասին Sputnik Արմենիային հետ զրույցում ասաց լիբանանյան «Պայքար» շաբաթաթերթի խմբագրական կազմի անդամ Պայծիկ Գալայճեանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Բեյրութի բնակելի թաղամասերին։
«Մի քանի ժամ է, ինչ սարսափելի հարվածներ են հասցնում ժամանակակից ռումբերով։ Նույնիսկ կարելի է այդ պայթյունները տեսել, եթե մարդկանց տները բարձրադիր են։ Իհարկե, հարվածները մեզանից բավականին հեռու են, բայց խոսակցություններ կան, որ առաջիկա օրերին այդ հարվածները ավելի սաստիկ են լինելու։
Նրա խոսքով` այս պահի դրությամբ սննդամթերքի կարիք չունեն, բայց օրեցօր այն ևս քչանում է` հաշվի առնելով շրջափակումը։ Անդրադառնալով հայկական դպրոցներին` Գալայճեանը նշեց, որ դրանք դեռ բաց են։
«Դժբախտաբար, մյուս շրջանների դպրոցները փակ են, որովհետև այնտեղ ժամանակավոր ապաստան են գտել գաղթականները, որոնց տներն ավերվել են։ Հայտնի չէ, թե պատերազմը երբ կվերջանա և եթե անգամ վերջանա, այդ մարդիկ ուր պետք է գնան` հաշվի առնելով, որ նրանց տները քանդվել են»,–ասաց նա։
Բացի դպրոցներից հայկական շրջաններում բնական հունով գործում են նաև հայկական եկեղեցիները, որտեղ այսօր Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առիթով պատարագ է մատուցվել։
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև լարվածությունը վերսկսվել է 2026 թվականի մարտի 2-ի գիշերը, երբ լիբանանյան շարժումը սկսել է հրթիռային հարձակումները Իսրայելի տարածքի վրա՝ տարածաշրջանային իրավիճակի կտրուկ վատթարացման ֆոնին։ Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Լիբանանին, այդ թվում՝ երկրի հարավային շրջաններին, Բեքաա հովիտին և Բեյրութի ծայրամասերին։ Մարտի 16-ին իսրայելական բանակը պաշտոնապես հայտարարել է հարավային Լիբանանում ցամաքային գործողության մեկնարկի մասին։