ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Նիդեռլանդների արևելքում գտնվող Նեյկերկ քաղաքի հրեական բարեգործական կազմակերպության շենքի մոտ պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Telegraaf թերթը:
Խոսքը «Քրիստոնյաները հանուն Իսրայելի» կազմակերպության շենքի մասին է, որը զբաղվում է լուսավորչական և բարեգործական գործունեությամբ՝ ի աջակցություն Իսրայելի և հրեա ժողովրդի:
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Շենքին հասցված նյութական վնասն աննշան է:
Կասկածյալները դեռ չեն ձերբակալվել։
Մարտի 13-ի գիշերը Ռոտերդամի սինագոգներից մեկում պայթուցիկ սարք է գործարկվել, որից հետո հրդեհ է բռնկվել: Ոստիկանությունը ձերբակալել է չորս մարդու՝ միջադեպին մասնակցելու կասկածանքով։
Հաջորդ օրը պայթյուն է տեղի ունեցել Ամստերդամի հրեական դպրոցի մոտ։ Նիդեռլանդների իշխանությունները հայտարարել են, որ երկու միջադեպերն էլ հակասեմական շարժառիթ ունեն: