Գերիշխանությունը խորթ է Քրիստոսի ուղուն. Հռոմի պապը` ԱՄՆ պատերազմի նախարարին

Հռոմի պապ Լևոն XIV-ը քննադատության է ենթարկել ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հայտարարությունը, որն Իրանի դեմ հակամարտությունը համեմատել է «հանուն Հիսուս Քրիստոսի» ճակատամարտի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Գերիշխելու ցանկությունը չի համապատասխանում Հիսուս Քրիստոսի ուղուն։ Այս մասին Զատիկից առաջ քարոզում հայտարարել է Հռոմի պապ Լևոն XIV-ը՝ ԱՄՆ-ի պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի՝ զինծառայողների համար աղոթելու կոչից հետո։
Անցյալ շաբաթ Պենտագոնի ղեկավարը խնդրել էր ամերիկացիներին աղոթել նրանց համար, ովքեր կռվում են Իրանի դեմ «հանուն Հիսուս Քրիստոսի»:
«Մենք հակված ենք մեզ հզոր համարել, երբ գերիշխում ենք, հաղթական, երբ ոչնչացնում ենք մեզ հավասարներին, մեծ, երբ մեզանից վախենում են: Ընդհակառակը, որպես ճշմարիտ Աստված և ճշմարիտ մարդ՝ Քրիստոսը մեզ առաջարկում է նվիրվածության, ծառայության և սիրո օրինակ»,- նշել է Լևոն XIV-ը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում քարոզի ժամանակ։
Նա նշել է, որ քրիստոնեական առաքելությունը հաճախ «աղավաղվում է գերիշխանության ձգտումով»։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ՆԱՏՕ-ի գործընկերներին հանդիմանել էր վճռական չլինելու համար։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: