ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հավատացյալների ներկայությունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում չի նվազել՝ չնայած առկա դժվարություններին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կաթողիկոսության արխիվատան տեսուչ հայր Աբրահամ աբեղա Ջուլֆայանը։
Հիշեցնենք՝ Իսրայելը մարտի 2-ից պարբերաբար հարվածներ է հասցնում Լիբանանի տարբեր բնակավայրերին։
Հոգևորականի գնահատմամբ` հավատացյալների ներկայությունը կարևոր ուղերձ է։
«Չնայած այս դժվարին պայմաններին՝ մեր եկեղեցիները լիքն են, ինչը դրական երևույթ է։ Սա ամբողջ աշխարհի առջև ևս մեկ անգամ փաստում է, որ հայը չի հեռանալու իր հավատքից. հակառակ դժվարություններին՝ նա գալիս է եկեղեցի և կատարում իր կրոնական պարտականությունները»,– ասաց նա։
Աբրահամ աբեղա Ջուլֆայանն ընդգծեց, որ հավատացյալները հնարավորություն ունեն մասնակցելու Սուրբ Հարության տոնի բոլոր հիմնական արարողություններին։
«Մենք կատարել են Խաչելության կարգը, կատարեցինք նաև Տիրոջ թաղման կարգը, իսկ այսօր արդեն Ճրագալույց է՝ սկիզբը Սուրբ Հարության խորհրդի, երեկոյան պիտի կատարվի Ճրագալույցի կարգ, պատարագ, իսկ արդեն կիրակի առավոտյան Արամ Առաջին սրբազնագին կաթողիկոսը մատուցելու է տոնական, հայրապետական սուրբ և անմահ պատարագը և իր հայրապետական պատգամն է փոխանցելու մեր ժողովրդին»,– ասաց նա։
Հոգևորականը հավելեց, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքում նախորդ օրերին արդեն ձևավորվել է Ավագ շաբաթվա տոնական ու աղոթական մթնոլորտ։ Նրա խոսքով՝ նախորդ օրերին էլ Մայրավանքն ու Լիբանանի թեմի մյուս հայկական եկեղեցիները բազմամարդ են եղել, իսկ հավատացյալներն ակտիվ մասնակցություն են ունեցել շաբաթվա տարբեր արարողություններին։
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը տեղակայված է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մոտակա Անթիլիաս քաղաքում։
Իսրայելի և Լիբանանում «Հզբոլլահ» շարժման միջև էսկալացիան սրվել է 2026 թվականի մարտի 2-ի գիշերը, երբ լիբանանյան շարժումը վերսկսել է հրթիռային հարձակումները Իսրայելի տարածքի վրա՝ տարածաշրջանային իրավիճակի կտրուկ սրման ֆոնին: Ի պատասխան՝ Իսրայելը պարբերաբար լայնածավալ հարվածներ է հասցնում Լիբանանին։
Ապրիլի 2-ի դրությամբ՝ Լիբանանում զոհերի թիվը հասել է 1345-ի, վիրավորվել է 4040 քաղաքացի։ Հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են մշտական բնակության վայրերից։