«Թրամփի ուղու» հարցում կոնկրետություն դեռ չկա Իրանի շուրջ իրավիճակի պատճառով. Կոպիրկին

Կոպիրկինի կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, կանդրադառնա տնտեսական ցուցանիշների, ներդրումների անվտանգության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ կոնկրետություն դեռ չկա Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այս մասին ասել է 24News-ին տված հարցազրույցում։
«TRIPP-ի իրականացման հեռանկարներն այժմ մի փոքր անհասկանալի են»,– ասել է Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով՝ հայկական կողմը նույնպես ասում էր, որ ամերիկյան վարչակազմը մի փոքր այլ առաջնահերթություններ ունի։
Կոպիրկինի կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, կանդրադառնա տնտեսական ցուցանիշների, ներդրումների անվտանգության վրա, և այս նախագծի համատեքստում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Ամեն դեպքում Ռուսաստանը ողջունում է այն ամենը, ինչը կնպաստի հաղորդակցությունների իրական ապաշրջափակմանը։ Դեսպանը նշել է` կան նաև կարևոր դետալներ, օրինակ՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործոնը, և իրավիճակը պետք է ամբողջության մեջ դիտարկել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025թ–ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։