ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Ռենդի Ջորջն ազատվել է աշխատանքից։ Այս տեղեկությունն X սոցցանցում հաստատել է Պենտագոնի ղեկավարի օգնական Շոն Փարնելը։
«Գեներալ Ռենդի Ա. Ջորջը բանակի 41-րդ շտաբի պետի պաշտոնից անմիջապես կենսաթոշակի է անցնում։ Պատերազմի նախարարությունը շնորհակալ է գեներալ Ջորջին մեր երկրին տասնամյակներ ծառայելու համար։ Մենք նրան ամենայն բարիք ենք մաղթում թոշակի տարիներին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ–ները հայտնել էին, որ Ջորջի հեռանալը պահանջել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը այդ պաշտոնում Ջորջին առաջադրել էր 2023 թվականին։
Բանակի շտաբի պետի պարտականությունները կկատարի գեներալ Քրիստոֆեր Լանիվը, որը Հեգսեթի գլխավոր ռազմական օգնականն էր, երբ Թրամփը նրան առաջադրեց բանակի շտաբի պետի տեղակալի պաշտոնում անցյալ տարվա հոկտեմբերին։
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Հեգսեթն աշխատանքից ազատել է նաև գեներալ Դեյվիդ Հոդնեին, որը ղեկավարում էր բանակի վերափոխման և պատրաստման հրամանատարությունը, և գեներալ-մայոր Ուիլյամ Գրինին, որը ղեկավարում էր բանակի կապելանների կորպուսը։ Նշվում է, որ Հեգսեթը վաղուց է քննադատում բարձրաստիճան զինվորականներին։ Նրա կարծիքով` նրանք բավարար չափով հավատարիմ չեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ավելի վաղ Թրամփն աշխատանքից ազատել էր մի քանի բարձրաստիճան սպաների, այդ թվում՝ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունին։