Իրանը Քուվեյթի աղազերծման գործարանի վրա հարձակվելու համար մեղադրել է Իսրայելին

ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին հորդորել է զգոնություն ցուցաբերել ԱՄՆ-ի և Իսրայելի սադրանքների նկատմամբ, որոնք ուղղված են տարածաշրջանի ապակայունացմանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Թեհրանը հերքել է իր մասնակցությունը Քուվեյթի էլեկտրակայանի և աղազերծման գործարանի ուղղությամբ հասցված հարվածներին՝ սադրանքի մեջ մեղադրելով Իսրայելին և ԱՄՆ-ին: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
Ավելի վաղ Քուվեյթի էլեկտրաէներգետիկայի, ջրային ռեսուրսների և վերականգնվող էներգետիկայի նախարարությունը տեղեկացրել էր, որ էլեկտրակայանը և ջրի աղազերծման գործարանը վնասվել են իրանական հարվածի հետևանքով:

«Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին. խմբ.) բանակի անօրինական հարձակումը Քուվեյթի ջրի աղազերծման օբյեկտների վրա սիոնիստական օկուպանտների ստորության վկայությունն է։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դատապարտում է այդ անմարդկային արարքը», - ասվում է ԻՀՊԿ–ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: